25/06/2020 17:08
Հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից. ՍԴ չորս դատավորների հայտարարությունը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու երեք դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը հայտարարություն են տարածել՝ ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարության։
«Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք՝ ներքոստորոգրյալներս, հայտնում ենք.
Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:
Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից», - ասված է հայտարարության մեջ: