25/06/2020 18:53
Քննություն է տարվում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները տարածելու դեպքի հանգամանքները պարզելու համար
2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «Facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար» գրառումը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Էջը հրապարակել է «Վարակի հետևանքով, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել է «Կորոնավիրուս» համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճեները, որտեղ նշված է 132 անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, մահվան ամսաթիվ, հասցե և բժշկական հաստատությունների անվանումները:
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։
«Facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալով անհատական էջին հասանելիություն ստացած IP հասցեները պարզելու նպատակով բաժանորդային տվյալներ ստանալու թույլտվության միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է։
Միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է», - ասված է ՔԿ հաղորդագրությունում։