25/06/2020 14:54
Եթե ԲԴԽ-ն գտնի, որ Ալեքսանդր Ազարյանը թույլ է տվել կարգապահական խախտում, սա կլինի սառեցնող էֆեկտ ամբողջ դատական համակարգի համար. Պաշտպան
Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։
Կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն Արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։
Ալեքսանդր Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Ալեքսանդր Ազարյանը բառացի ասել է «հույս ունեմ, որ քննիչը չէր իջնի ՀՔԾ պետի մակարդակին ու չէր քննադատի օրինական ուժի մեջ մտած ակտը»։
«Ի՞նչ կա այս ամենի մեջ, որը ցույց է տալիս անհարգալից վերաբերմունք որևէ մեկիի հանդեպ։ Այստեղ ոչ միայն խախտում չկա, այլև, կներեք, քննիչը պետք է շնորհակալ լիներ նման նախազգուշացման համար», - ասաց պաշտպանը։
Տիգրան Աթանեսյանը նշեց, եթե ԲԴԽ-ն գտնի, որ Ազարյանը թույլ է տվել կարգապահական խախտում, ապա սա կլինի սառեցնող էֆեկտ ամբողջ դատական համակարգի համար։
«Ինչի մասին է խոսքը, բոլորին հասկանալի է՝ դատավորները պարզապես պետք է լուռ մնան ու չկայացնեն ակտեր, որոնք հանկարծ ՀՔԾ պետը որակի ապօրինի, ապա դատավորներին կենթարկեն պատասխանատվության», - նշեց Տիգրան Աթանեսյանը։