25/06/2020 19:06
Դիմակ չկրելու հետևանքով Քննչական կոմիտեի 32 ծառայող զրկվել է մեկ ամսվա պարգևավճարից
Այսօր ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգի և կանոնների պահպանման, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների կրման կարգի, արձանագրված խախտումների վերաբերյալ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ հունիսի 1-4-ը արտակարգ դրության ժամանակահատվածում Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում եղել են աշխատակիցներ, որոնք խախտել են պարետատան կողմից հաստատված կարգը, ինչն արձանագրվել է տեսանկարահոնող սարքերով:
Հայկ Գրիգորյանը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան՝ Ներքին անվտանգության վարչության և Դեպարտամենտի անցագրային բաժնի պետերին շարունակել մոնիտորինգի իրականացումը, զննել տեսախցիկների արձանագրած խախտումները և արդյունքների մասին զեկուցել անձամբ իրեն:
«Պահանջում եմ՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից, վարչությունների, բաժինների պետերից սկսած՝ պահպանել պաշտպանիչ դիմակի կրման կարգը», - ասել է Հայկ Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ սահմանված կարգին չհետևող աշխատակիցների կարգազանցության պատճառով կպատժվեն նաև վերջիններիս ղեկավարները:
Խախտումների կապակցությամբ որոշում է կայացվել Քննչական կոմիտեի 32 ծառայողի նկատմամբ որպես թույլ տրված խախտման հետևանք՝ զրկել մեկ ամսվա պարգևավճարից, իսկ 25 քաղծառյողների նկատմամբ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն և տրվել տույժ՝ խիստ նկատողություն: