26/06/2020 10:41
ՍԴ-ն մեզ հնարավորություն տվեց հասկանալու՝ արդյոք ունենք պետության գլուխ, հանրապետության նախագահ, թե ունենք մարդ, որ պատրաստ է գիշերվա կեսին լինել Արտուշ պապիկ. Ռուբեն Մելիքյան
Ես այն մարդկանցից եմ, որ համարում եմ՝ սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է, ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։
«Սկսած 2019-ի հունիսի 20-ից մինչև այսօր սահմանադրական կարգի տապալման գործընթաց էր մի ամբողջ արարներով։ Այս վերջին արարի ընթացքում, որ ամենակոպիտն էր, տեսանք, որ ՀՀ վարչապետն իրեն իրավունք է վերապահում օրենքներ մեկնաբանելու և ի լուր աշխարհի ֆեյսբուքյան ստատուսների միջոցով հայտարարում է, թե սա է գործում, նա է գործում», - ասաց Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ Սահմանադրական դատարանն այն ինստիտուտը եղավ, որն իր սկզբունքայնության, աշխատանքի շնորհիվ բոլորին հնարավորություն տվեց հասկանալ, թե ում հետ գործ ունենք։
«Հնարավորություն տվեց հասկանալ՝ արդյոք ունենք պետության գլուխ, հանրապետության նախագահ, թե ունենք մարդ, որ պատրաստ է գիշերվա կեսին լինել Արտուշ պապիկ։ Հնարավորություն տվեց հասկանալ՝ արդյոք ԱԺ-ում ունենք երկու ընդդիմադիր ուժ, թե ունենք մեկ ընդդիմադիր ուժ, իսկ մյուս ընդդիմադիր ուժը կարելի է «Իմ քայլը» դաշինքի մի առանձին խմբակցություն», - ասաց նա: