26/06/2020 09:54
«Հրապարակ». Առողջապահության նախարարը հանձնարարել է պարզել՝ Ծառուկյանի ընտանիքն ու մերձավորներն առողջական ինչ խնդիրներ ունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական արշավին է միացել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մեր տեղեկություններով, արդեն քանի օր ոլորտի պատասխանատուներին հրահանգված է՝ քրքրել բուժհաստատությունները, պարզել, թե Ծառուկյանի ընտանիքն ու մերձավորներն առողջական ինչ խնդիրներ ունեն։ Իմանալով, որ Ծառուկյանների ընտանիքում կորոնավիրուսի դեպք կա, հանձնարարվել է պարզել, թե որտեղ են թեստ հանձնել, որտեղ են բուժվում, ինչ միջոցներ ու կապեր են օգտագործել։
Մտել են մարդկանց նեղ անձնական տարածք, ու հենց նախարարությունից էլ ապահովել են ինֆորմացիայի արտահոսքը՝ այն նկատառումով, որ նախ ցույց տան, թե ինչի հանգեցրին Ծառուկյանի կազմակերպած բողոքի ակցիաները, և որպեսզի մարդիկ առաջիկայում խուսափեն գնալ այդ ակցիաներին։ Չի բացառվում, որ առաջիկայում ավելի «հուժկու կոմպրոմատներ» հայտնվեն համացանցում»: