26/06/2020 17:57
Շենգավիթում 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը
Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Խախտումներ են արձանագրվել շինանյութի առևտրի կետերում. բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Հունիսի 26-ին տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեություն, որոնց հիմնական մասը շինանյութի խանութներ են: Այդ թվում 24 ժամով կասեցվել է նաև Արշակունյաց 210/1 հասցեում գործող շինանյութի տոնավաճառի մի քանի տաղավարների գործունեություն:
Մշտադիտարկումները ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում են: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություւներ, որոնք ուղարկվում են պարետատուն: