30/06/2020 14:30
«Ես արդեն հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատարան, ու դատական նիստը հետաձգվի». Քոչարյանի և մյուսների գործով նիստը կրկին հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանում չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։
«Մենք չպետք է ստիպված լինեինք այս հարցը բարձրացնել, բայց կարծում եմ, որ հարցը հրատապ պետք է լուծվի», - ասաց Ալումյանը։
Յուրի Խաչատուրովն էլ առաջարկեց, որպեսզի հաջորդ նիստի համար կարգավորված լինեն բոլոր հարցերը։
«Ես արդեն հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատարան, ու դատական նիստը հետաձգվի», - ասաց Խաչատուրովը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է:
Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին։