30/06/2020 15:49
Խորհրդարանն ընդունեց ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով նրանց կենսաթոշակի ապահովման նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ՝ 80, դեմ՝ 1 ձայներով, առանց ընդդիմության մասնակցության, ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում այսօր առավոտյան հարցի առաջին ընթերցմամբ քննարկմանն ու քվեարկությանը։
Նշենք, որ թեև նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում գրավոր առաջարկներ չէին ներկայացվել, նախագիծն, ըստ էության, չէր փոփոխվել, մինչդեռ քվեարկությունից առաջ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քսան րոպե ընդմիջում խնդրեց։ Նշենք նաև, որ սահմանդարական փոփոխությունների նախագիծը դրվում է քվեարկության և ընդունվում պատգամավորների առնվազն երկու երրորդ ձայներով։
Նախագծի առաջին ընթերցման ժամանակ նիստի մեկնարկին գրանցվել էր 68 պատգամավոր (քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի ձայն), իսկ արդեն քվեարկության ժամանակ՝ մոտ 40 րոպե անց, քվեարկությանը մասնակցեց 81 պատգամավոր, որից կողմ քվեարկեց ներկա 80 իմքայլական պատգամավոր, դեմ՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Հետևաբար, չի բացառվում, որ քսան րոպե ընդմիջումն անհրաժեշտ էր նախագիծն ընդունելու համար գործընկերների ներկայաությունը նիստերի դահլիճում ապահովելու համար։
Այսպիսով, նախագծով կփոփոխվի ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուի առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդը՝ Հանրապետության նախագահը, իսկ երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ՝ համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է՝ հունիսի 26-ից հետո՝ երկամսյա ժամկետում:
Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած՝ Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Փոփոխություններ են կատարվել նաև լիազորությունների ժամկետը ավարտված և պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների՝ կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում:
Հստակեցվում է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած ՍԴ մյուս դատավորների՝ պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը: