30/06/2020 09:40
«Իրատես». Հաքերային հարձակում՝ «Գոլոս Արմենիի» թերթի կայքի վրա. ԱԱԾ-ից 3 օր հետո են արձագանքել, որ դրանով ոստիկանությունն է զբաղվում
«Իրատես» թերթը գրում է, որ չորս օր առաջ հաքերային հարձակման է ենթարկվել «Գոլոս Արմենիի» թերթի կայքը, և ոչնչացվել է շուրջ 20 տարվա բազան։ Թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանը «Իրատեսի» հետ զրույցում պատմել է, որ նույն օրը դիմել են ԱԱԾ, սակայն կառույցից ընդամենը երեկ երեկոյան, այսինքն 3 օր հետո զանգել են ու ասել, որ դիմեն ոստիկանություն։ Ստացվում է, որ 3 օր էր պետք ԱԱԾ-ին՝ հասկանալու, որ այդ հարցով պիտի ոստիկանությունը զբաղվի։ Տիկին Նախշքարյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան դիմել է նաև ոստիկանություն։
Իսկ մինչ այդ խմբագրությունը սեփական ուժերով որոշ նյութեր վերականգնել է, մյուսների ուղղությամբ էլ աշխատում են։ Հարցին` կասկածներ կա՞ն, թե ով կարող էր նման բան անել, Ֆլորա Նախշքարյանը նշել է, որ իրենք անդրադառնում են տարածաշրջանում կատարվող զարգացումներին, ներքաղաքական թեմաներին, ուստի «չուզողներ» կլինեն և ներսից, և դրսից։ Սեփական եզրահանգումներն ունենալով հանդերձ՝ Նախշքարյանը գերադասում է սպասել իրավապահների արձագանքին: