30/06/2020 19:16
Պոմպեոն թալիբների առաջնորդներից մեկի հետ քննարկել է խաղաղության համաձայնագիրը
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն բանակցել է «Թալիբան» արմատական շարժման առաջնորդներից մուլա Աբդուլահ Հանի Բարադարի հետ: Այս մասին հայտնել է Associated Press-ը (АР)՝ հղում անելով թալիբների ներկայացուցիչ Սոհաիլ Շահինայեին:
АР-ի տվյալներով՝ կողմերը քննարկել են փետրվարին ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև կնքված խաղաղության համաձայնագրի իրականացումը:
Զրույցը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով այն բանից հետո, երբ Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը կիրակի մեկնել էր Դոհա, Իսլամաբադ և Տաշքենդ՝ միջաֆղանական բանակցությունների մեկնարկի քննարկման համար։
Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ն և «Թալիբանը» խաղաղության պայմանագիր էին ստորագրել: Պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները և կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում բոլոր զորքերը դուրս բերել Աֆղանստանից: