30/06/2020 18:08
Ճապոնիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը մարդկանց վրա
Ճապոնական AnGes Inc. դեղագործական ընկերությունը երեքշաբթի սկսել է Օսակա քաղաքի համալսարանի հիվանդանոցում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրի առաջին կլինիկական փորձարկումները մարդկանց վրա, հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
Սպասվում է, որ առաջին փուլում հետազոտությանը կմասնակցի 20-30 կամավոր հիվանդանոցի անձնակազմից: Նրանցից ոմանց բժիշկները մտադիր են պատվաստանյութը ներարկել բավականաչափ մեծ ծավալով, որպեսզի պարզեն անհրաժեշտ չափաքանակը:
Արդյունավետության հաստատման և մինչև աշուն կողմնակի բարդությունների բացակայության դեպքում պլանավորվում է հետազոտություններ կատարել հիվանդանոցային հիվանդների շարքում՝ մինչև 400 կամավորի ներգրավմամբ։
AnGes Inc.-ը պլանավորում է մինչև 2021 թվականի հուլիսի 31-ն ավարտել մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:
AnGes Inc.-ը ԴՆԹ պատվաստանյութ է ստեղծել հիմնվելով նուկլեինաթթուների վրա: Առնետների վրա դրա փորձարկումը հաջող էր, և մայիսի վերջին ընկերությունը հայտնել էր, որ կրծողների մոտ հակամարմիններ են առաջացել։