30/06/2020 14:06
Քոչարյանի և մյուսների գործով նիստն ընդմիջվեց. փորձում են լուծել սոցիալական հեռավորության հարցը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ընդմիջվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն, ով նախորդ դատական նիստին միջնորդել էր, որ նիստը հետաձգվի, քանի որ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ, այսօրվա նիստին ներկա էր ու ասաց, թե իր թեստի պատասխանը բացասական է, սակայն ևս մեկ անգամ պետք է թեստ հանձնի։
«Ես այսօր ուշ եմ եկել, որ չշփվեմ դատավարության մասնակիցների հետ։ Հատուկ եմ եկել շահարկումներից խուսափելու համար», - ասաց Միհրան Պողոսյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ ասաց, եթե դատարանը հնարավոր համարում է այսօրվա ընթացքում ապահովել հեռավորություն, դեմ չէ, որ Միհրան Պողոսյանն էլ մասնակցի նիստին։
«Բայց, եթե հնարավոր չէ, ապա մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է լինել հիվանդ կամ կոնտակտավոր։ Այն, ինչ կա այս դատավարության ընթացքում, հակասում է պարետատան բոլոր պահանջներին», - ասաց Ալումյանը։
Արձագանքեց նաև մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ նշելով, որ սոցիալական հեռավարություն պահելն անհրաժեշտ է, բայց, վերջինիս դիտարկմամբ, արված շեշտադրումները տպավորություն են ստեղծում դատական նիստերն անհնար դարձնելու նոր միտումների մասին։
Աննա Դանիբեկյանն ասաց, թե ընդմիջում է հայտարարում, որպեսզի պարզի աշխատանքային անվտանգ պայմաններ ստեղծելու տեխնիկական հնարավորությունները։