01/07/2020 18:58
«Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա». 7 մասից բաղկացած առցանց ֆիլմ՝ Վարշամ Գևորգյանի ռեժիսուրայով
Վերջին ամիսներին, պայմանավորված կորոնավիրուսով, թատրոնները դադարեցրել են իրենց բեմական գործունեությունը, սակայն դա արտիստներին բոլորովին չի մղել պարապուրդի: Արդյունքում նոր մտքեր են ծնվել, նոր նախագծեր:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանն ինքնամեկուսացման ընթացքում ձեռնամուխ է եղել Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վիպակի հիմքով ֆիլմ նկարահանելու աշխատանքներին: Իհարկե, այս ֆիլմը հատուկ առցանց տիրույթի համար է ու իր ձևաչափով կտարբերվի:
«Արտակարգ դրության հենց սկզբում ինձ մոտ միտք առաջացավ ֆիլմ նկարել, մեր կյանքում տեղ գտած նոր պայմաններն էլ նոր ֆորմատ թելադրեցին: Ընտրեցի Վահան Թոթովենց, քանի որ շատ գեղեցիկ է գրում: Պահպանել ենք անվտանգության բոլոր կանոնները: Այս գործն ինձ համար շատ թանկ է, քանի որ, նախ՝ առաջին անգամ եմ հանդես գալիս որպես գեղարվեստական ստեղծագործության ռեժիսոր, և հետո՝ մեկ աշխատանքի շուրջ համատեղել եմ այն երկու ոլորտը, որոնք իմ հիմնական աշխատանքներն են՝ Համազգային թատրոնն ու իմ հիմնած «22 Production»-ը», -Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Վարշամ Գևորգյանը:
Թեև վիպակում ստամբուլահայերի կյանքն ու առօրյան է, սակայն դերասանը նուրբ թելերով զուգահեռներ է անցկացրել հայաստանյան իրականության հետ. ժամանակակից խնդիրներին է անդրադարձել, տեղայնացրել, բայց բնօրինակին չի «խեղճացրել»:
«Այս գործն ընթերցելիս աչքիս առջև մեր օրերն էին: Տեքստի մեջ, որը ես եմ կարդում, աննշան փոփոխություն անգամ չկա, տեքստը նույնությամբ է ընթերցվում՝ չհաշված 1-2 փոքրիկ կրճատումը: Սակայն զուգահեռ ցուցադրվող տեսարանում նույնիսկ կորոնավիրուսը կա, ակնարկվում է մեր ժամանակները, համավարակի թեման: Բայց դրանով վեպին ընդհանրապես չենք վնասել: Հարազատի կորուստը, մահի թեման է արծարծված, ինչի մասին այս օրերին էլ շատ ենք լսում: Ուզում եմ՝ հանդիսատեսը զուգահեռներ անցկացնի Մեծ եղեռնից առաջ ու այսօր հայերի ապրելակերպի, դիրքի ու սովորույթների միջև: Կարծում եմ՝ սա մտածելու, խորհելու շատ տեղ կտա, ենթատեքստերը բազմաթիվ են, ու դրանում է հետաքրքրությունը», - նշեց նա:
Նկարահանումների ժամանակ յուրաքանչյուրն ինքն է իր օպերատորը դարձել ու ինքնամեկուսացման վայրում կատարել ռեժիսորի առաջադրանքները: Ընդհանուր տեսարանների ժամանակ էլ խստորեն պահպանվել են անվտանգության կանոնները:
«Դերասաններն, իմ տված հանձնարարություններով, իրենց տանը, բնության գրկում տեսարաններին համապատասխան նկարահանումներ են արել ու ուղարկել ինձ: Նկարահանման հարցում նաև իրենց ընտանիքի անդամներն են օգնել՝ մեկին եղբայրը, մյուսին՝ քույրը… Ձեռքի տակ ունեցած հնարավորություններով՝ քիչ թե շատ լավ նկարող տեսախցիկից մինչև հեռախոսի կամերա փորձել ենք օգտագործել ու հետաքրքիր արդյունք ստանալ: Մոնտաժային աշխատանքներն իրականացրել եմ իմ հիմնադրած «22 Production»-ում: Շնորհակալ եմ «22 Production»-ի իմ թիմին, որ պատրաստակամ աշխատեցին հանուն լավ գաղափարի: Արդյունքում ստացանք հետաքրքիր աշխատանք, որին, ճիշտ է, ֆիլմ անվանել չեմ համարձակվի, բայց վստահ եմ՝ հետաքրքիր գործ է, նոր մոտեցում: Սա ինչ-որ տեղ նաև «Videobook» է, չէ՞ որ ամբողջ ընթացքում ես ընթերցում եմ գիրքը, սկզբի հատվածը՝ գրեթե առանց կրճատումների», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Նախագիծը բաղկացած է 7 մասերից՝ յուրաքանչյուրը 4-ից 7 րոպե տևողությամբ: Ամեն մասում, ինչպես վիպակում, մի հերոսի պատմություն է ներկայացվում՝ հայր (Վարշամ Գևորգյան), մայր (Միլենա Ղազարյան), պապ (Սերգեյ Թովմասյան), հյուսն (Արման Նավասարդյան), հորաքույր (Տաթև Ղազարյան)… Պրեմիերան տեղի կունենա Համազգային թատրոնի ֆեյսբուքի պաշտոնական էջում հուլիսի կեսերին:
«Մեր թատրոնի դերասանախումբն է նկարահանվել, նաև՝ երկու ուսանող: Դերասանուհի Ալլա Սահակյանն էլ հետաքրքիր նկարահանումներ է արել, սակայն ինքն անձամբ կադրում չի երևում… Մի խոսքով, գարունը լիովին օգտագործել ենք: Այս տարի շատ գեղեցիկ գարուն էր: Չնայած՝ ինձ թվում է՝ միշտ է գեղեցիկ եղել, ուղղակի աշխատանքներով տարված՝ չենք նկատել», - ժպիտոց հավելում է դերասանը:
«Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ստեղծագործության նկարահանման հարցում աջակցել է նաև ԿԳՄՍ նախարարությունը: Վարշամ Գևորգյանը նկատում է՝ աջակցության չափսը մեծ չէ, սակայն իրեն տրվել էր գումար այն չափով, որքան ինքն էր պահանջել: Ասում է՝ դա լիովին բավարար էր՝ կյանքի կոչելու համար այն, ինչը համավարակի պայմաններում կարող էին անել: