01/07/2020 16:58
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին, Aysor.am-ին ասաց Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը։
Նիստը կկայանա վաղը՝ 12։00-ին։
Էմին Խաչատրյանի խոսքով՝ Պապոյանին է մակագրվել նաև պաշտպանական կողմի բողոքները։
Վերաքննիչ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք՝ հունիսի 21-ին դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին: