01/07/2020 18:25
Առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք տասը մահ. հունիսին մահերը նախորդ տարվա համեմատ 30 տոկոսով աճել են․ Փաշինյան
Առաջիկայում ունենալու ենք մահերի օրական տասը դեպք, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ 525 նոր դեպք ենք ունեցել։ Սա նշանակում է, որ այս վիճակագրության բերումով առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք տասը մահ», - ասաց նա։
Փաշինյանը նկատեց, որ այսօրվա դրությամբ ունենք կորոնավիրուսով 19 000 ակտիվ հիվանդ, որոնցից 2106-ը հիվանդանոցային պայմաններում է գտնվում, նրանցից 536-ի վիճակը գնահատվում է ծանր, 117 -ինը՝ առանձնապես ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ, երեկ մահվան 10 նոր դեպք է արձանագրվել, մահերի ընդհանուր թիվը կազմում է 453։
«2020 թվականի առաջին հինգ ամիսների մահերի վիճակագրությունը բարվոք է։ Ավելի քիչ մահ էինք ունեցել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այդ վիճակագրությունը փոխվել է, և հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ՝ մոտ 30 տոկոսով ավելի մահացություն ենք ունեցել։ Թեև այս թվերը ոչ ամբողջությամբ են կապված կորոնավիրուսի հետ, բայց կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն նպաստում է այս գործոնին», - ասաց Փաշինյանը։