01/07/2020 14:45
Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման դեմ
Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, որն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան, Aysor.am-ին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Դատախազությունը բազմիցս է նշել, որ դատական քննության այնպիսի փուլում ենք, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնել ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը», - նշեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։
Քոչարյանն ազատ է արձակվել 2 մլրդ դրամի չափով գրավի դիմաց։