01/07/2020 09:30
«Հրապարակ». Ինչ-որ փուլում ատոմակայանը կկանգնի փակման վտանգի առջև, ու մենք կրկին կհայտնվենք հովհարային անջատումների էրայում
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հիշո՞ւմ եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում ամեն ինչ անում էին, որպեսզի փակեն ատոմակայանը։ Իսկ ատոմակայանը ոչ միայն էներգետիկ, այլև ֆիզիկական անվտանգության հարց է մեզ համար. ատոմակայանի առկայությունը զսպում է Թուրքիային, Ադրբեջանին, որ լայնածավալ գործողությունների չգնան Հայաստանի նկատմամբ` հազար ու մի պատճառով, որովհետև եթե ատոմակայանին մի բան լինի, տարածաշրջանը դառնում է «աղետի գոտի»` Չեռնոբիլ, որից իրենք էլ են տուժելու։ Այն օրերին ատոմակայանը փակվեց, հետագայում մերոնք հասկացան, որ անհնար է առանց ատոմակայանի։
Ռուսաստանը նույնպես շահագրգիռ էր այդ հարցում, Հայաստանը պայմանագիր կնքեց Ռուսաստանի և «Ռոսատոմի» հետ՝ վերջինս վերանորոգման աշխատանքները ստանձնեց, վարկ տրամադրեցին, հիմա մերոնք հրաժարվել են ռուսական վարկից։ Տարածքային կառավարման նախարարն ասաց՝ մենք մեր ներքին ռեսուրսներով ենք դա ֆինանսավորելու, մի քանի օր հետո ֆինանսների նախարարն ԱԺ-ում հայտարարեց՝ մենք միջազգային կառույցներից ենք ներգրավելու այդ միջոցները, ու դեռ ձեն-ձուն չկա», - ասաց էներգետիկ խնդիրներով փորձագետը:
Չե՞ն ներգրավել միջոցները։
«Պաշտոնական հայտարարություն չկա, ընդ որում, անգամ եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ գումարը գտնվել է, վերանորոգման աշխատանքները կարող է կատարել միայն «Ռոսատոմը». գեներատորը ռուսական է: Նիկոլը գնաց վարկի մերժմանը, որպեսզի ևս մեկ շտրիխով Հայաստանը, ինչպես Ախուրյանի կամրջի կառուցման և ռուսական հեռուստաընկերությունների դեպքում, դուրս գա ռուսական ազդեցության դաշտից»:
Ի՞նչ է սպասվում։
«Ինչ-որ մի փուլում ատոմակայանը կկանգնի փակման վտանգի առջև, իսկ այն արտադրում է մեր երկրի հոսանքի 40 տոկոսը, ու մենք կրկին կհայտնվենք հովհարային անջատումների էրայում»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: