02/07/2020 12:35
Ես եմ ընտրում, թե ով կարող է ինձ օգնել կամ խորհուրդ տալ. դա հանրային քննարկման թեմա չէ. Արայիկ Հարությունյան
Շատերը խանդից, շատերը չընդգրկվելով կադրային նշանակումներում՝ փորձում են թիրախավորել արդեն նշանակված պաշտոնյաներին: Ժամանակ տվեք ու կտեսնեք, ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իսկ ովքեր չաշխատեն, չկարողանան պահպանել սահմանված կանոնները, մեզ հետ չեն քայլելու: Եթե քննադատում եք, ապա քննադատեք կատարած աշխատանքով, ոչ թե սանրվածքը, հագուստը, խոսելու ձևը:
Կոնկրետ խորհրդականների ու օգնականների մասին. նախ՝ ես եմ ընտրում, թե ով կարող է ինձ օգնել կամ խորհուրդ տալ: Դա հանրային քննարկման թեմա չէ, հանգիստ եղեք: Այն մարդկանց, որոնց ընտրել եմ, ես գիտեմ՝ այդ անձինք ինչ խորհուրդ են տալու և ինչպես են ինձ օգնելու: Նշեմ, որ որևէ պաշտոնյա առանց աշխատանքի չի մնալու: Նրանք, որոնք ձևակերպված են եղել, բայց չեն աշխատել, ազատվելու են աշխատանքից: Նրանց, ում նշանակենք, բայց չաշխատեն, ազատվելու են», - նշեց ԱՀ նախագահը:
Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ Արցախն ունենալու է շատ ուժեղ նախագահական ապարատ, որը ոչ միայն վերահսկելու է կառավարության գործունեությունը, այլև իր ուշադրության կենտրոնում է պահելու արցախցիների խնդիրները:
«Իմ ձեռքը շարունակում է օդում պարզած մնալ: Բոլոր նրանք, որոնք ցանկություն ունենան, մենք համագործակցելու ենք: Մի շարք խորհրդականններ աշխատելու են հասարակական հիմունքներով», - նշեց ԱՀ նախագահը: