02/07/2020 19:07
Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության ու պարետատան միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել. ԱԺ նախագահի հայտարարությունը
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմումին։
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: