02/07/2020 12:17
Գագիկ Ծառուկյանի պաշտպանները ներկայացել են Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի նիստը չհետաձգվի
Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։ Վերաքննիչ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Լրագրողների հետ զրույցում Գ. Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, թե կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով իր պաշտպանյալը չի կարող ներկա գտնվել գործի քննությանը, սակայն իրենք ներկայացել են, որպեսզի նիստը չհետաձգվի։
Հիշեցնենք՝ հունիսի 21-ին դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին: