02/07/2020 11:14
Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի. Նախարար
Կառավարության այսօրվա նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան, հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք:
«Դժբախտաբար, եղել է վեց մահ կորոնավիրուսից ու չորս հոգի մահացել է ոչ կորոնավիրուսից», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, վերակենդանացման բաժանմունքները լիքն են:
«Կան մի երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել», - ասաց նա:
Թորոսյանը նշեց, որ ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի:
«Արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 հոգի», - ասաց Թորոսյանը:
Նա նշեց, որ տանը առավոտյան 09:00-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 հոգի, որից չորսը միջին ծանրության է, իսկ յոթը՝ թեթև:
Նախարարն ասաց, որ 80 հոգի սպասում է տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ: