02/07/2020 18:34
Իրանում մեկնաբանել են Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները
Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ ապակառուցողական են, այսպես թե այնպես դրանք դատապարտված են ձախողման: РИА Новости-ին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Նրա խոսքով՝ Իրանի և Սիրիայի, նաև Լիբանանի տնտեսական փոխգործակցությունը հարվածի տակ դնելը խոսում է այդ երկրների «հարաբերությունների խորության» անըմբռնողության մասին: Մեկնաբանելով «Կեսար» օրենքը՝ պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցներն անօգուտ են, դրանցում ոչ մի նոր բան չկա:
«Համոզված ենք, որ դրանք ձախողման կենթարկվեն նաև այս անգամ: Մենք ամերիկյան այս օրենքը համարում ենք ոչ կառուցողական և այն դիտում որպես միջամտություն (Սիրիայի գործերին). դատապարտում ենք այն», - ասել է Ռաբիին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան օրենքը, որը հայտնի է որպես «Կեսար», ստորագրել է 2019 թվականի վերջին: Այն ուժի մեջ Է մտել հունիսի 1-ին և ներառում է պատժամիջոցներ, որոնք վերաբերում են գործնականում Սիրիայի տնտեսության բոլոր ոլորտներին:
Պատժամիջոցների ցուցակն ընդլայնվել Է հունիսի 17-ին. ռեստրիկցիայի ներքո հայտնվել են 14 մարդ, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասման, և նրա քույրը՝ Բուշրան, ինչպես նաև 21 կազմակերպություններ: