02/07/2020 11:41
Ցավալի է, որ տուգանքի դեպք է արձանագրվում, մեր նպատակը տուգանելը չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղված ծառայության արդյունքում հուլիսի մեկին կազմվել է 2827 արձանագրություն, որից Երևան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629, կառավարության նիստին ասաց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը:
«Արձանագրություններից 2301-ը վերաբերում է հետիոտնի կողմից դիմակ չկրելուն, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայությանը, տասը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդները կամ ուղևորների կողմից դիմակ չկրելուն, 442-ը մինչև 7 տեղ մեքենաների ուղևորներրի և վարորդների կողմից դիմակ չկրելուն, 3՝ տնտեսական գործունեության իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալուն և 1՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար», - ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե շատ ցավալի է, որ այդքան տուգանքի դեպք է արձանագրվում:
«Բայց մեր նպատակը տուգանելը չէ, ընդհակառակը, ամբողջ ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի», - ասաց նա:
Ինչ վերաբերում է տեսչական մարմինների գործունեությանը՝ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ, երեկվա տվյալներով, 884 ստուգում է իրականացվել և 40 տնտեսվարողի մոտ խախտումներ են արձանագրել, ինչը դրական դինամիկա է ենթադրում, քանի որ նախկինում 200-300 խախտում էին արձանագրում: Նա նշեց, որ կրկնակի սույգայցեր ևս կատարվել է:
«Տրանսպորտի ոլորտում խախտումները շարունակում են մնալ, դրանք վերաբերում են, որ վարորդները սահմանված քանակից ավելի ուղևոր են տեղափոխում», - ասաց նա՝ նշելով, որ մնացած պահանջները՝ ալկոգելի առկայությունը, գծանշումները կիրառելի են դարձել: