02/07/2020 12:27
Կառավարությունը հաստատեց, թե որքան կենսաթոշակ կստանան բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները
Կառավարությունը հաստատեց ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը:
Սահմանվում է, որ Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 500 հազար դրամ կենսաթոշակ, երկրորդ տեղը գրավածը՝ 350 հազար դրամ, 3-րդ տեղը գրավածը՝ 300 հազար դրամ, իսկ 4-6-րդ տեղը գրավածը 100 հազար դրամ կենսաթոշակ:
Մարզիչի դեպքում կենսաթոշակի չափը կլինի համապատասխանաբար 250 հազար դրամ, 175 հազար դրամ, 150 հազար դրամ և 50 հազար դրամ:
Աշխարհի առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 200 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 150 հազար դրամ կենսաթոշակ:
Եվրոպայի առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 150 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 120 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 100 հազար դրամ կենսաթոշակ:
Համաշխարհային շախմատային օլիմպիադաներում, թիմային առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 400 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 250 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 150 հազար դրամ կենսաթոշակ: