02/07/2020 15:06
Հնարավոր կլինի ղազախական վառելիքն ավելի լավ պայմաններով ներկրել Հայաստան
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքի առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելացրեց, որ սա կարևոր համաձայնագիր է, որը քննարկվել ու բանակցվել է մոտ 1,5 տարի։
«Համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո հնարավոր կլինի ղազախական վառելիքն ավելի լավ պայմաններով ներկրել Հայաստան, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում մրցակցության հնարավորություն է ստեղծվելու», - ասաց փոխվարչապետը։
«Այո, շատ կարևոր է: Ինչքան էլ մենք ասենք, որ 2018 թվականից հետո մենաշնորհային երևույթները, մասնավորապես՝ նավթամթերքի շուկայում մեղմացել են, բայց դա չի նշանակում, որ վերացել են, և այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու, նաև մրցակցությունը խթանելու հետ կապված շատ անելիք ունենք։
Մենք Հայաստանում որևէ արհեստական մենաշնորհ չպետք է թույլ տանք, որովհետև դա առաջին հերթին ազդում է սպառողների իրավունքների պաշտպանության վրա», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։