Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո ֆեյսբուքում մառազմատիկ ստատուսներ շաղ տալու համար, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, կորոնավիրուսի հիվանդացության ու մահերի ցուցանիշները արդեն անկառավարելի տեմպեր են արձանագրում, մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում... Ինչպես ասում են` no comment...», - նշել է Տոնոյանը։
Նշենք, որ երեկ Արսեն Թորոսյանն անդրադարձել էր կորոնավիրուսի հետևանքով մահացած կնոջ կորած դիի թեմային, որի մասին հայտարարել էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։
Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ», - «Ֆեյսբուքում» գրել էր Թորոսյանը։
Նախարարի գրառման մեկնաբանություններում արձագանքել էր Զոհրաբյանը։
«Պարոն Թորոսյան, մեր քաղաքական ուժով այդքան մի մտահոգվեք, դրա կարիքը, վստահեցնում եմ Ձեզ, հաստատապես չկա: Իսկ այ կորոնավիրուսի դեմ տապալված պայքարով, այլևս անկառավարելի դարձած իրավիճակով ու այս ամենի համար ձեր բոլորի հավաքական պատասխան տալու ոչ նախանձելի հեռանկարով հաստատապես մտահոգվելու բան ունեք: Բնականաբար, ես չէի էլ սպասում, որ կունենաք այդքան ուժ՝ ընդունելու ձեր բացթողումներն ու չանցնելու բանավեճի կոռեկտության սահմանը։ Դրա համար ոչ միայն դաստիարակություն է պետք, այլ նաեւ ձեր թիմի անսխալականության սինդրոմից ազատվելու ունակություն, ինչը, բնականաբար, չունեք։ Ամեն դեպքում՝ դիմակ կրեք, դիմակ: Մի լրացում էլ անեմ` Ձեր փոխարեն ես ոչ թե կզբաղվեի քաղաքական ուժերի մոնիտորինգով, այլ ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից», - գրել էր Նաիրա Զոհրաբյանը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: