03/07/2020 13:45
Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել ՍԴ շենք. Ոստիկանությունը՝ դատավոր Հրանտ Նազարյանի հետ կատարված միջադեպի մասին
Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք, այս մասին Aysor.am-ին ասաց ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից դատավոր Հրանտ Նազարյանի՝ ՍԴ մուտքը խոչընդոտելուն։
«Հունիսի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և հունիսի 26-ին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած:
Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք: Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են Սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով», - նշեց Ջանոյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
Կանոնակարգումներով դադարել է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, ինչպես նաև ՍԴ-ի դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը
ՍԴ ինը դատավորներից Ֆելիքս Թոխյանը պաշտոնավարում է 1997 թվականից, Հրանտ Նազարյանը՝ 1996 թվականից։
ՍԴ դատավորներից Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարում է 2014 թվականից։ Մինչև այս, Գյուլումյանը ՍԴ անդամ է եղել նաև 1996-2003 թվականներին։