03/07/2020 10:44
Արցախում 50 հազարական դրամ կտրվի քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող եւ անկողնային վիճակում գտնվող անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ, սկսել է տրամադրել հիսուն հազարական դրամի չափով ֆինանսական օժանդակություն քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց։ Այս մասին տեղեկանու ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից:
Նշված կատեգորիաներին պատկանող, ինչպես նաև նվազ շարժունակություն ունեցող անձինք հատկապես խոցելի են թոքային վարակների և, հետևաբար, COVID-19- ի նկատմամբ: Դրամական օժանդակությունը նախատեսվում է օգնելու շահառուներին հոգալու բժշկական և հիգիենայի հրատապ կարիքները:
Ֆինանսական աջակցության հետ զուգահեռ, ԿԽՄԿ-ն սահմանել է նաև շուրջօրյա թեժ գիծ բնակչության վերոնշյալ խմբի համար և ապահովել ալկոգելով ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներով։
Փոստային ծառայությունների աշխատակիցներին, ովքեր իրականացնում են դրամի բաշխումը, նույնպես տրամադրվել է ալկոգել, ձեռնոց և դիմակներ: