04/07/2020 10:10
ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի ու վստահորդի հեռախոսային խոսակցությունը, որն օգտագործվում է վստահորդի դեմ. Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է Արսեն Մկրտչյանի ու իր փաստաբանի հեռախոսային խոսակցությունները, այս մասին ահազանգում է ՀՀ փաստաբանների պալատը։
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող՝ Գևորգ Մկրտչյանի և անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով), ուսումնասիրելով փաստաբան Վաչե Դավթյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ․
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված Արսեն Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունների օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում գաղտնալվսել է վերջինիս և փաստաբան Վաչե Դավթյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը։
Հեռախոսային խոսակցության ընթացքում Արսեն Մկրտչյանը փաստաբան Վաչե Դավթյանից ստացել է իրավաբանական խորհրդատվություն։
Այնուհետև, Հայաստանի Հանրապետության ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ՀԿԳ ավագ քննիչ Գ.Խալաթյանը (այսուհետ, նաև՝ քննիչ Խալաթյան) զննել է այդ խոսակցությունը, այն արտացոլել է համապատասխան արձանագրության մեջ և կցել է քրեական գործի նյութերին։
Նշված զննության արձանագրությունը կցվել է քրեական գործով մեղադրայլի կարգավիճակ ստացած Արսեն Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությանը, իսկ հիշյալ միջնորդությանը քննարկման համար հրավիրված դատական նիստի ընթացքում քննիչ Խալաթյանը հղում է կատարել այդ արձանագրությանը՝ ի թիվս այլ փաստաթղթերի դրանով հիմնավորելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։
Քրեական գործը նախաքննությունը շարունակելու համար հանձնվել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն և ընդունվել է նույն վարչության ՀԿԳ քննիչ Սարգիս Մարգարյանի (այսուհետ, նաև՝ քննիչ Մարգարյան) վարույթ։
Փաստաբան Վաչե Դավթյանը քննիչ Մարգարյանին միջնորդություն է ներկայացրել՝ իր և վտահորդի միջև հեռախոսային խոսակցությունը կամ խոսակցություններն անհապաղ վերացնելու մասին։
Մինչդեռ, քննիչ Մարգարյանի կողմից մերժվել է փաստաբանի միջնորդությունը՝ փաստաբանական գաղտնիք պարունակող այդ հեռախոսային խոսակցությունն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ, պատճառաբանվելով, որ այդ հեռախոսային խոսակցության բովանդակությունից և բնույթից ակնհայտ է, որ այն չի պարունակում այնպիսի տվյալներ, որոնք կարող են հանդիսանալ փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ»,-նշված է Փաստաբանների պալատի տարածած հայտարարությունում։