06/07/2020 12:12
Արմեն Ամիրյանը դիմել է դատախազություն՝ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով
ՀՀ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Aysor.am-ն այս մասին տեղեկանում է նախկին նախարարի ֆեյսբուքի էջի գրառումից:
«Անշուշտ նկատել եք, որ Հովիկ Գալստյանի հնչեցրած անհիմն մեղադրանքներին չեմ պատասխանում։ Դա անում եմ նրա համար, որ չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին և, ընդհանրապես, չեմ բանավիճում այն մարդկանց հետ, ում լեզվի մեջ չարը բույն է դրել։
Ըստ Հովիկի՝ բոլորը «մեղավոր» են, որ ինքը կինո չի նկարում։ «Մեղավոր» եմ ես, ինձ հաջորդող բոլոր նախարարներն ու փոխնախարարները, տնօրեններն ու վարչությունների պետերը...
Եվ Հովիկը, կինո նկարելու փոխարեն, «արդարության սուրը» ձեռքին, որոշել է «պատժել» բոլորին, քանի որ բոլորն իրեն հետապնդում են, խանգարում են... Նման ախտորոշումը բժշկության մեջ կարծես շատ կոնկրետ անվանում ունի։
Ինչպես գիտեք, դատարանի որոշմամբ Հովիկ Գալստյանին արգելվել է իմ վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի այս պահանջը, որի համար այսօր դիմում ենք դատախազությանը՝ Հովիկ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար», - նշված է գրառման մեջ:
Նշենք, որ դեռևս մայիս ամսին դատարանը բավարարել էր Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, և կալանք էր դրվել Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի և դրամական միջոցների վրա: