06/07/2020 13:06
ՄԻՊ-ը ստացել է արտակարգ դրությանն առնչվող հարցերով 2249 բողոք
Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը:
Մասնավորապես, մարտի 16-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է արտակարգ դրության առնչվող հարցերով 2249 բողոք։ 1720 դեպքով քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն։
Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․
1. 794 դիմում-բողոք՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա տրամադրվող սոցիալական աջակցության խնդիրներին (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն),
2. 231 դիմում- բողոք՝ Հայաստան մուտք գործելուն կամ երկրից մեկնելուն,
3. 114 դիմում-բողոք՝ ֆինանսական դրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով վճարումներ կատարելու անհնարինությանը, այդ թվում՝ դադարեցված կոմունալ ծառայությունների վերականգնմանը,
4. 78 դիմում-բողոք՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներին,
5. 57 դիմում-բողոք՝ կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներին՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբեր լինելու հետ,
6. 29 դիմում-բողոք՝ ազատությունից զրկման վայրերում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման և տարածման դեմ պայքարի շրջանակներում ազատությունից զրկված անձանց մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ բժշկական օգնության և սպասարկման ոչ պատշաճ կազմակերպման, պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու, ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ,
7. 23 դիմում-բողոք՝ աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներին և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։