06/07/2020 17:56
Երևանում կամավորների կողմից քաղաքացիներին բաժանվող դիմակները չինական արտադրության են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ իր աշխատակազմի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երևանում կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում և ներկայացնում հակահամաճարակային կանոնները։
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան, թե ի՞նչ միջոցներով և ո՞ր ընկերության արտադրության դիմակներ են բաժանում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հայտնեցին, որ բաժանվող դիմակները չինական արտադրության են։
«Հունիսի 15-ից Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները շրջում էին մարդաշատ տարածքներում, բակերում և հանրային տրանսպորտում՝ բաժանելով իրազեկման թերթիկներ և բնակչությանը կրկին հիշեցնելով դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու, Քովիդ-19 վարակից պաշտպանվելու կանոնները պահպանելու կարևորության մասին։ Անհրաժեշտության դեպքում, տրամադրվում էր նաև դիմակ, ձեռնոց և ալկոգել։
Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը Քովիդ-19 համավարակին իրականացվում է հետևյալ գործընկերների և նվիրատուների աջակցությամբ․
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Դանիական Կարմիր խաչ, Շվեյցարական Կարմիր խաչ, Ավստրիական Կարմիր խաչ, Գերմանական Կարմիր խաչ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն, Եվրամիություն, HSBC Հայաստան, «Իզմիրլյան» հիմնադրամ, Ավստրիայի զարգացման գործակալություն, Շվեյցարիայի զարգացման գործակալություն, Պեպսի Կո, «Իմ Քայլը» հիմնադրամ, «Միլքո» ՓԲԸ, «Սեվանի իշխան» ՓԲԸ, «Սոնանուշ» ՍՊԸ, «Գրին ֆարմեր» ՍՊԸ, «Էկո ֆրեշ մաշրումս» ՍՊԸ, «Ինգո Արմենիա» ՍՊԸ, «Ագրո թրեյդ» ՍՊԸ, «Գոլդեն բեյքրի», «Ռոյալ - Արմենիա», «Սմօգսոյոիզ» ՍՊԸ, «Իքս» Գրուպ, Բայազեդ ՍՊԸ, «Ռեֆրութ» ՍՊԸ, Արաքս թռչնաֆաբիկա, ՋիԷյԹի Քաթթինգ աութդորս ընկերություն, Հայ Էլեկտրական ցանցեր», - տեղեկացրել են ՀԿԽ ընկերությունից։
Ինչ վերաբերում է բաժանվող դիմակներին՝ դրանց արտադրողն է Anqing Shield Labor Insurance Supplies Limited Co., Ltd, China, ներմուծողը՝ Smart-Job LLC։
Ընկերությունից, սակայն, չեն նշել, որքան գումար է ծախսվել ակցիայի շրջանակներում։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն Aysor.am-ին հաղորդեց, որ նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ Հայաստանում Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ:
«Դիմակները և այլ լրացուցիչ պարագաները հայկական Կարմիր խաչի ընկերությունն ինքն է ձեռք բերում սեփական միջոցներով և մնացյալ հարցերով կարող եք դիմել ընկերությանը: Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմի ներգրավվածությանը, ապա վերջինս աջակցում է կազմակերպչական հարցերով՝ տրամադրելով տեղեկատվական կետերի համար անհրաժեշտ տեխնիկական աջակցություն», - ասաց Մանե Գևորգյանը։