07/07/2020 09:44
«Փաստ». Փաշինյանի վարկանիշը սրընթաց անկում է ապրում
«Գելափի» վերջին հարցումները, համաձայն որոնց, Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 85 տոկոսը, տարբեր քննարկումների առիթ դարձավ: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրականում այս հարցումները մեթոդաբանական լուրջ սխալներ ունեն և ամենևին չեն արտահայտում իրականությունը: Նման «թվերը» իշխանությունների կողմից ոգևորությամբ հրապարակ են նետվում բացառապես PR նպատակներով:
Բանն այն է, որ իշխանությունների համար էականը ԱԱԾ կողմից իրականացվող գաղտնի հարցումներն են, որոնք պարզապես զեկուցվում են և չեն հրապարակվում: Ըստ մեր կառավարական աղբյուրների, վերջին տվյալներով, Փաշինյանի վարկանիշն իրականում սրընթաց անկում է ապրում:
Սակայն այստեղ առկա է մի այլ ուշագրավ հանգամանք. բանն այն է, որ, այդ հարցումների տվյալներով, իշխանություններից հիասթափված և դժգոհ հատվածը, որն արդեն բավական մեծ թիվ է կազմում, դեռ չի կողմնորոշվել նոր առաջնորդի հարցում: Այս հանգամանքն է, որ դեռևս թույլ չի տալիս Փաշինյանի վարկանիշի բացարձակ փլուզում:
Սակայն սա, ըստ մեր տեղեկությունների, ավելի է նյարդայնացնում վարչապետին, քանզի նա շատ լավ հասկանում է, որ իրենից անդառնալիորեն «պոկված» այդ մասսան ցանկացած պահի կարող է հայտնվել իր արմատական հակառակորդների «դաշտում»»: