08/07/2020 20:34
Վերաքննիչ դատարանը բեկանել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը
Վերաքննիչ դատարանը բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և այն հետ ուղարկել նոր քննության, Аysor.am-ին հայտնեց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
«Որոշմանը ծանոթ չենք։ Այս պահին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ», - ասաց նա։
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հունիսի 21-ին դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։
Դատախազությունն այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան։ Գործը մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։