08/07/2020 14:05
ՍԴ նախկին անդամներն իրավունք ունեին դիմել ՄԻԵԴ, ինչը արել են, բայց այ, ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում կկայացնի, թե ոչ, վստահ չեմ. Արարատ Միրզոյան
Սահմանադրական դատարանի նախկին անդամներն, իհարկե, իրավունք ունեին ՄԻԵԴ դիմելու, ինչը և արել են, խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Բայց այ, ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում կկայացնի, թե ոչ, տեղյակ չեմ, վստահ չեմ», - ասաց Միրզոյանը։
Արձագանքելով հարցին, թե ՀՀ նախագահն ասել է, որ ինքը մի քանի անգամ ՍԴ անդամների թեկնածուներ է առաջարկել, սակայն ԱԺ-ն չի ընդունել, հավասարությունը պահելու համար նա առաջարկել է, որ ՍԴ երեք անդամի նշանակի Ազգային ժողովը, երեք անդամ՝ Կառավարությունը, և երեք անդամ՝ ՀՀ նախագահը, Արարատ Միրզոյանը պատասխանեց.
«ՀՀ նախագահը երկու անգամ թեկնածու է առաջադրել, որն ԱԺ-ի կողմից չի ընտրվել և մեկ անգամ առաջադրել է թեկնածու, որն ընտրվել է: Գործող սահմանադրական կարգավորումներով դատարանակազմ մարմինները, այդ թվում և նախագահը, առաջարկում է թեկնածություններ, ընտրությունը թողնված է ԱԺ-ին: Այսինքն՝ վարվել ենք այնպես, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը: Ցանկացած դատարանակազմ մարմնի առաջարկություն մենք այստեղ դիտարկում ենք, այնուհետև քվեարկությամբ հաձայնում ենք, կամ՝ ոչ։ Հիմա ինչ առաջարկում է ՀՀ նախագահը, ենթադրում է սահմանադրական փոփոխություններ: Գիտեք, որ կա և գործում է Սահմանադրության փոփոխությունների մշակող և քննարկող հանձնաժողով,և կարծում եմ, որ ՀՀ նախագահը, թերևս, պաշտոնապես կամ բանավոր դիմի հանձնաժողով»։
Միրզոյանն ասաց, թե այդ հանձնաժողովում, որտեղ ԱԺ-ից ևս աշխատակիցներ են ներգրավված, քննարկում են ամենատարբեր առաջարկներ:
«Ինչպիսին կլինի վերջնարդյունքում հանձնաժողովի առաջարկը, Աստված գիտի», - ասաց ԱԺ նախագահը։
Այդուհանդերձ, Միզոյանի կարծիքով գործող մեխանիզմը բավական հաջող է։