08/07/2020 14:34
Օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով, երբ ինձ համար այդ հնարավորությունն օրենսդրորեն կբացվի. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ օրենքի մասին
Օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով, երբ ԱԺ նախագահի համար օրենսդրորեն կբացվի ստորագրելու հնարավորություն, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով «ՍԴ մասին» օրենքի փոփոխություններին, որը ՀՀ նախագահը չէր ստորագրել:
«Ես այս թեմայով ՀՀ նախագահի հետ չեմ խոսել: Հետևել եմ քննարկումներին և հնչել է երկու կարծիք։ Մի մասը պնդել է, որ այն պահից, երբ ՀՀ նախագահը նամակով ինձ տեղեկացրել է, որ չի ստորագրելու օրենքը, ես այդ պահից սկսած կարող եմ ստորագրել», - ասաց Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական ամենատարբեր ճամբարներից իրավաբանների գերակշիռ մեծամասնությունն էլ կարծում է, որ անկախ նախագահի գրությունից, վերջինս ունի իրեն տրված 21 օրը և կարող է փոշմանել կամ հարցը վիճարկել ՍԴ-ում։
«21-օրյա ժամկետը պետք է լրանա, որից հետո նախագահի չստորագրելու և ՍԴ չդիմելու դեպքում ԱԺ նախագահի համար առաջանում է իրավական հնարավորություն ստորագրելու կամ չստորագրելու օրենքի նախագիծը», - ասաց Արարատ Միրզոյանը։