08/07/2020 14:00
Վրաստանը օգոստոսին սկսում է միջազգային ավիահաղորդակցությունը
Վրաստանի կառավարությունը վերականգնում է ուղիղ ավիահաղորդակցությունը Գերանիայի, Ֆրանսիայի և Մերձբալթիկայի երկրների հետ, իսկ առաջին չվերթերը կիրականացվեն օգոստոսից Մյունխեն – Թբիլիսի – Մյունխեն երթուղով, հայտարարել Է միջազգային հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին:
«Վրաստանն առանց որևէ նախապայմանների բացում է իր սահմանները Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Ֆրանսիայի համար: «Լյութհանզա» ավիաընկերության հետ մենք արդեն համաձայության ենք հասել 2020 թվականի օգոստոսից Մյունխենի ուղղությամբ շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթեր սկսելու շուրջ»,- ասել է Չիկովանին:
Ինչպես նշել է վարչապետի խորհրդականը, այդ հինգ երկրների քաղաքացիները կամ ռեզիդենտները կարող են ցանկացած նպատակով Վրաստան ժամանել միայն օդային ուղիով և ուղիղ ավիաչվերթերի միջոցով: Մինչև Վրաստանի սահմանը հատելը նրանք պետք է լրացնեն հատուկ թերթիկ, որտեղ կնշեն վերջին 14 օրվա ընթացքում իրենց տեղափոխությունների պատմությունը, վայրը, որտեղ նրանք կգտնվեն Վրաստանում և կոնտակտային տեղեկատվություն: