08/07/2020 09:32
«Ժողովուրդ». Այս օրերին թեժ քննարկումներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեժ քննարկումներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում: Արդեն մի քանի օր է՝ ներքին քննարկումներ են ընթանում թե՛ Եկեղեցու պատմություն առարկան այլևս դպրոցներում չդասավանդելու և թե՛ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծի հետ կապված:
Ինչպես հայտնի է, այդ նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու համար սահմանել տուգանք՝ 20 հազար դրամի, իսկ փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար` 50 հազար դրամի չափով:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ խմբակցության պատգամավորների մի մեծ մասը հայտարարել է՝ խայտառակություն է լինելու, եթե այդ նախագիծը օրենք դառնա: Թերթի տեղեկություններով՝ նրանց լեզվակռիվն այնքան է թեժացել, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգից իշխանությունները անգամ հանել են նախագիծը: Թե հետագայում այն ինչ ճակատագրի կարժանանա, դեռևս անհայտ է: Իսկ ինչ վերաբերում է Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը, ապա այս հարցով դեռևս քննարկումներ են. նախագիծը նաև ներկայացված է հանրային քննարկման: