08/07/2020 17:29
ՀԷՑ-ը տուգանվել է 10 մլն դրամով
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ բնակիչների սպառած հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար։
Ընկերության աշխատակիցների կողմից 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 63 հաշվիչներով արձանագրված ցուցմունքերը (իսկ էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ նաև նախորդ ամսվա ծախսերը) ավելի մեծ են եղել, քան 2020 թվականի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առևտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքերը։
«Թվարկված խախտումները ուղղակիորեն հանգեցրել են մի խումբ սպառողների իրավունքների խախտմանը: Ինչ վերաբերում է Ընկերության պարզաբանումներին, ապա դրանք չեն կարող դիտվել որպես թույլ տրված խախտումների օբյեկտիվ պատճառներ և ազատել վերջինիս դրանց համար կիրառվող պատասխանատվությունից, և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Հանձնաժողովը որոշում է.
1. Կանոնների 37-րդ, 41-րդ և 43-րդ կետերի պահանջները խախտելու համար Ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով», - ասված է հանձնաժողովի հրապարակած որոշման մեջ։