08/07/2020 17:26
«Արմմոնո»-ի շրջանակում դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած «Կովիդ քրոնիկոն»-ը
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ու հույս հայտնեց, որ այդ օրերին հնարավոր կլինի անցկացնել այն:
Փառատոնն այս տարի նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին: Մեկնարկը կտրվի ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացմամբ՝ ըստ Հ. Մաթևոսյանի:
Փառատոնի շրջանակում ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
«Փառատոնի բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ կարծում ենք՝ հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ: Կցուցադրվի 20 մոնոներկայացում, որից մեկը կլինի մանկական՝ «Տիեզերքը մեր տունն է»՝ Դավիթ Եղիազարյանի կատարմամբ», - նշեց տնօրենը:
Փառատոնին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը և այլք:
Ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի, ցավոք, արտերկրից դերասաններ փառատոնը չի հյուրընկալի:
Փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլն:
Մասնակիցներին առցանց կողջունեն մոնոփառատոնների տնօրենները՝ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան ու այլք:
Մարիաննա Մխիթարյանը շեշտեց, որ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո ներկայացումները կցուցադրվեն «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի ու Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաև՝ թիվ 15 սրճարանում:
Հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած իր հեղինակած «Կովիդ քրոնիկոն»-ը:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժողվրդական արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:
Տնօրենի խոսքով՝ փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև դեբյուտային ներկայացումներ:
«Արմմոնո»-ն կանցկացվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: