08/07/2020 12:24
«Իմ քայլն» այս փուլում նպատակահարմար չի գտել այդ նախագիծը բերել, իսկ հետագայում կգա, թե չէ, չեմ կարող բացառել. Պատգամավորը՝ տուգանքների բարձրացման մասին
ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից, թե արդյոք «Վարչական իրավախախտումների մասին օրենքի» նախագծում նախատեսվող փոփոխություններն ինչ-որ պահի նորից շրջանառության մեջ կմտնեն:
Հիշեցնենք, որ փոփոխություններում առաջարկվում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքի չափը 10 հազարից 20 հազար դարձնել, իսկ փակ տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10 հազար դրամից դարձնել 50 հազար դրամ:
«Նախագիծն ընդհանրապե՞ս չի գալու այլևս ԱԺ, թե՞ որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո վերադառնալու է և ունենալու ենք տուգանքների ավելացված չափ», - հետաքրքրվեց Զոհրաբյանը:
Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, որ նախագիծն այս պահին շրջանառությունից հանված է, մինչդեռ չի կարող հստակ ասել, թե արդյոք ապագայում այլ պատգամավորներ այն շրջանառության մեջ չեն դնի:
«Կգա թե չի գա, ոչ ես, ոչ Դուք, ոչ էլ ինչ-որ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի սահմանադրական իրավունքը՝ ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն, հետևաբար չեմ կարող բացառել, որ այդ թվում Ձեր խմբակցությունից որևէ մեկը վաղը կառաջարկի դիմակ չկրելու տուգանքը դարձնել 150 հազար դրամ: «Իմ քայլն» այս փուլում նպատակահարմար չի գտել այդ նախագիծը բերել, իսկ հետագայում կգա, թե չէ, չեմ կարող բացառել», - ասաց նա: