09/07/2020 14:17
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել։
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն Արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։