09/07/2020 15:06
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի պաշտպանները քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, ընթանում էր Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի գործով դատական նիստը:
Պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։
«Ներկայացրել ենք որոշ հիմնավորումներ, որոնք նախկինում քննության առարկա չեն դարձել։ Օրինակ՝ ՍԴ-ն 2018 թվականի մարտի 20-ին արդեն աշխատակարգային որոշմամբ փաստացի անդրադարձ կատարել էր օրենսդրական կարգավորումների արդյունքում Գագիկ Հարությունյանի կարգավիճակին՝ դիտարկելով նրան ոչ թե որպես ՍԴ նախագահ, այլ՝ ՍԴ անդամ, իսկ Հրայր Թովմասյանը մարտի 21-ին էր ընտրվել ՍԴ նախագահ», - ներկայացրեց պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա նշեց նաև, որ այս անգամ հետաքրքիր դիտարկում են ներկայացրել. 2018 թվականին ՍԴ նախագահի ընտրության ժամանակ ԱԺ բոլոր խմբակցությունները մասնակցել են դրան։
«Որևէ մեկն այդ գործընթացն անօրինական չի դիտարկել, ինչպես օրինակ դա տեղի տեղի ունեցավ վերջերս», - ասաց Վարդևանյանը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ներկայացված միջնորդությունները։ Դատական ակտը կհրապարակվի 17։30-ին։
Հիշեցնենք՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով։
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահ, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նա չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Արսեն Բաբայանն, ըստ մեղադրանքի, 2018 թվականի մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը մայիսի 14-ին էր։