09/07/2020 14:39
Ես ՀՔԾ պետը չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ. Ալեքսանդր Ազարյանը՝ ԲԴԽ որոշման մասին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը վստահեցնում է՝ շարունակելու է աշխատել նույն ձևով, ինչպես աշխատել է միշտ։
«Ոմանք մտածում են, որ իմ նկատմանբ հետապնդում է իրականացվել, իմ անձնական կարծիքով՝ ոչ», - լրագրողների հետ զրույցում ասաց Ազարյանը։
Նա նշեց՝ կաշկանդված դատավորը միշտ էլ կաշկանդված է, անկաշկանդը՝ անկաշկանդ։
Հարցին՝ ինչի՞ մասին է խոսում Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա որոշումը՝ Ազարյանը պատասխանեց.
«Ես որոշման եզրափակիչ մասը միայն ունկնդրեցի, որոշումն այս պահին ինձ հասու չէ, ես ՀՔԾ պետը չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»։
Ալեքսանդր Ազարյանն ասաց, որ Սասուն Խաչատրյանի՝ ՀՔԾ պետ նշանակվելուց հետո, որևէ հանդիպում չի ունեցել նրա հետ։
«Իսկ դրանից առաջ էլ պատահական ենք հանդիպել», - ասաց նա։
Ազարյանը նշեց, որ ՀՔԾ պետի հետ հեռախոսազրույց ևս չի ունեցել։
Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն Արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։