09/07/2020 14:41
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է, Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Շաբաթներ առաջ տեղի ունեցած հրապարակային դատալսումներից հետո ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը։ Կարող ենք փաստել, որ ԲԴԽ անդամների՝ որոշումն ընդունած կազմն, այսօր դրսևորեց հավատարմություն իրավունքի գերակայության հիմնարար, պետականակերտ գաղափարին», - նշել է նա։
Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն Արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։