09/07/2020 19:28
Ռուսաստանը կբացի միջազգային ավիահաղորդակցությունը երկու փուլով
Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը համաձայնել է Տրանսպորտի նախարարության, ավիափոխադրումների դաշնային գործակալության և «Աերոֆլոտ» ՓԲԸ-ի առաջարկությանը՝ երկու փուլով միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու վերաբերյալ: Առաջին փուլի երկրների ցանկը ներկայացնելու են Արտաքին գործերի նախարարությունը, «Ռոսպոտրեբնադզորը» և «Ռոսավիացիան», հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթուղթին։
Փաստաթղթի համաձայն՝ «Ռոսպոտրեբնադզորը» նախ պետք է մշակի արտասահմանյան երկրներում համաճարակի իրավիճակի գնահատման չափանիշները՝ համաձայնեցնելով դրանք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և ավիափոխադրումների դաշնային գործակալության հետ:
Այնուհետև բոլոր շահագրգիռ գերատեսչությունները և «Աերոֆլոտը» պետք է համաձայնեցնեն օդային հաղորդակցության վերսկսման ալգորիթմը. դրանք տրանսպորտի նախարարությունը, «Ռոստուրիզմը», «Ռոսպոտրեբնադզորը» և արտաքին գործերի նախարարությունն են:
ՌԴ տրանսպորտի նախարարությանը հանձնարարվել է նաև գնահատել միջազգային օդանավակայանների պատրաստակամությունը բացել օտարերկրյա պետությունների հետ օդային հաղորդակցությունը և ավելացնել ուղևորափոխադրումների ծավալը: