09/07/2020 13:19
«Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
ՀՀ ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան, տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների Azdarar.am կայքից։
«Հաշվի առնելով, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ մինչև 25.06.2018թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի 3-րդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 21.03.2019թ. թիվ 266-Ն հրամանով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել»,- ասված է եզրակացության մեջ։
«Օնիրա քլաբը» «Շանգրի լա» խաղատունը շահագործող իրավաբանական անձն է և մտնում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ։