09/07/2020 11:40
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր. Նախարար
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված պոզիտիվ լուր հաղորդելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդկանց զգոնությունը թուլանում է։
Նա հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների ինստիտուտ, որը հիմա չունենք:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին տանը սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր չունենք:
«Նաև փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը 13 է: Եթե ամփոփ ասեմ, ապա վիճակը մնում է կայուն, բայց՝ ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա», - ասաց նա, իսկ վարչապետը նկատեց, որ վիճակը անկանխատեսելի է:
Վարչապետն արձագանքեց, սպասում են վերակենդանացման նոր բաժանմունքների բացում «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում։
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ քննարկվեց, թե ինչպես է, որ պատվաստանյութ չկա, բայց ՀՀ կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը բանակցում են:
«Ուզում եմ պարզաբանել, քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստվանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում և կան երկրներ, որոնք գնում են իրականացրել, այսինքն՝ գումար են փոխանցել և ահռելի քանակությամբ ապագա պատվաստանյութը ձեռք են բերել, ինչը մտավախություն է առաջացնում, որ խմբաքանակները կհայտնվեն մի քանի երկրի ձեռքում», - ասաց վարչապետը:
Առողջապահության նախարար Արթշսեն Թորոսյանն էլ նկատեդց, որ իրականում, պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր:
«Խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է, ընկերություններ կան, որ տասնյակ հազարներով դրանք արտադրել են և միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է խոսքը և, ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատումը լինելու է ոչ մեկը, այլ՝ մի քանիսը», - ասաց նա: