09/07/2020 18:39
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի դեսպանին կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար
Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով, հայտնում են ՊՆ-ից։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը:
Կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման ուղիները:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու համար: